Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի տնտեսության համար (Երևան, 2016 թ., նոյեմբեր)

Հայաստանի տնտեսության համար (Երևան, 2016 թ., նոյեմբեր)
13.12.2016 | 00:05

(սկիզբը՝ այստեղ)

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԵՐԿՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Միայն Հայաստանի ու Ղարաբաղի գյուղական բնակավայրերի հելիոֆիկացիան թույլ կտա յուրաքանչյուր տարի ստանալ 350000 (գյուղացիական տնտեսություն) X 20 կՎտ (միջին հելիոհամակարգի հզորությունը) X 2500 ժամ (միջին արևային ժամերը) լրացուցիչ ջերմային էներգիա: Դա հավասարազոր է հայկական ատոմակայանի հզորությանը համարժեք ևս 5 ատոմակայանի տված էլեկտրական էներգիային: Հայկական ատոմակայանի, ջէկերի և հէկերի տված արժեքավոր էլեկտրական էներգիան կարող է արտահանվել կամ օգտագործվել զարգացող հայկական արդյունաբերության, այդ թվում՝ հելիոտեխնիկական արդյունաբերության մեջ: Խնայված գազը կարող է ուղղվել դեպի քիմիական արդյունաբերություն կամ օգտագործվել ջէկերում` արտադրվող էլեկտրական էներգիայի ծավալների մեծացման համար:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Հելիոֆիկացիայի խնդիրը հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ է պատրաստել ինժեներական և գիտական կադրերի մի ստվար բանակ, տեխնիկական և տեսական գիտությունները զարգացնել մի շարք կարևոր ուղղություններով (ջերմատեխնիկա, նյութերի դիմադրություն, մեքենաշինություն, մետրոլոգիա, նյութաբանություն, կիրառական օպտիկա, ծրագրավորում, կիրառական հելիոտեխնիկա, էլեկտրոնիկա, հուսալիության ֆիզիկա, սննդի արտադրություն, մոլեկուլյար և ընդհանուր կենսաբանություն, ֆիզքիմիա, ֆոտոքիմիա, օպտիկա, երկրի ֆիզիկա, մաթեմատիկա, օդերևութաբանություն): Գիտության տեմպային զարգացումը մեզ հնարավորություն կտա հելիոտեխնիկայի բնագավառում ստանձնելու համաշխարհային առաջատարի դերը` մեր կարևոր դերակատարումը ապահովելով այդ բնագավառում սպասվող աշխատանքի միջազգային բաժանման մեջ:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՌԱՑԻՈՆԱԼԻԶԱՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԳՅՈՒՏԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Եթե հելիոֆիկացիայի շնորհիվ մեր գյուղական բնակչությունը ստանա 350000 հատ միջին հզորությամբ անհատական կոմբինացված հելիոհամակարգ, ապա Հայաստան երկիրը կունենա նաև 350 հազար հելիոլաբորատորիա, և արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների բնագավառում մեր երկրում կատարվող գիտահետազոտական և նորարարական աշխատանքները զանգվածային բնույթ կկրեն: Մարզային արևային պոլիգոնները կստանձնեն արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների ոլորտի համակարգողի դերը: Կձևավորվի համազգային գիտահետազոտական կենտրոն, որը աննախադեպ տեմպերով առաջ կտանի հելիոտեխնիկայի և հելիոտեխնոլոգիաների բնագավառը: Նման բան հնարավոր է կազմակերպել միայն Հայաստանում: Այլ երկրներում դա չի ստացվի: Այստեղ է թաքնված մեր տնտեսական շրջադարձային հաջողության բանալին:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԵՌԱՎՈՐ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների օգտագործման դեպքում սահմանամերձ գյուղերի բնակչությունը կստանա փոքր և միջին բիզնես զարգացնելու ռեալ հնարավորություն: Լոռու և Տավուշի մարզերում, օրինակ, մեծ հաջողությամբ կարող են կազմակերպվել մուրաբաների արտադրամասեր, որոնց համար հումք կարող են ծառայել հոնը, մոշը, թուզը, հաղարջը և անտառի ու տնամերձ այգու այլ բարիքներ: Հիանալի ընտանեկան բիզնես, որ վերջ կտա այդ գյուղմթերքները քաղաքային շուկաներում իրացնելու դժվարին աշխատանքին: Բոլորիս է հայտնի, որ մեծ դժվարությամբ հավաքված ու քաղաք բերված բերքի զգալի մասը փչանում և թափվում է: Բերքը հավաքելուց կարճ ժամանակ անց արևային տեխնոլոգիաներով պատրաստված մուրաբաները Եվրոպայում վաճառվելու են բացառապես բիոմարկետներում՝ ինքնարժեքից 3-5 անգամ բարձր գներով:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
Հայաստանի մասնավոր հատվածում էներգիայի ծախսն ունի հետևյալ բաշխումը. 70 %՝ բնակարանների ջեռուցման համար, 15 %՝ կենցաղային տաք ջրի համար (լվացքի, լողանալու և այլնի համար), 12 %՝ կերակուր պատրաստելու համար, 3 %՝ լուսավորության և կենցաղային տենիկայի համար` էլեկտրական էներգիայի ձևով: Աշխարհում խիստ տարածված է արևով կենցաղային տաք ջուր ստանալը: Տարբեր երկրներում արտադրվում և կենցաղում զանգվածաբար կիրառվում են տարբեր տիպի և հզորությամբ արևային ջրատաքացուցիչներ: Արևից հոսանք ստանալու համար օգտագործվում են կիսահաղորդչային ձևափոխիչներ: Տեխնիկան լավ զարգացած է, բայց թանկության պատճառով կենցաղում այն քիչ է օգտագործվում (1 կՎտ-ը 100 դրամից ավելի): Մեր արևային անհատական համակարգերը կարող են լուծել բոլոր չորս խնդիրները միաժամանակ: Մեկ կՎտ ջերմային էներգիան մեզ մոտ կարժենա 0,32 դրամ, էլեկտրական էներգիան` 50 դրամ: Դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, գործարանների, գոմերի, հավանոցների, ձկնաբուծարանների, ջերմոցների, չորանոցների և բնակարանների ջեռուցման համար մշակված են միջին և բարձր հզորությամբ անհատական արևային ջրատաքացուցիչներ, որոնք էժան են, հուսալի են, կարող են հեշտությամբ սպասարկվել և ծառայել 50 տարի շարունակ: Ջեռուցման համակարգերն աշխատում են էներգիայի բարձր կոնցենտրացիաների ռեժիմով` որպես ջերմատար օգտագործելով յուղային հիմքի վրա ստեղծված հատուկ հեղուկները:


ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արևային տեխնիկայի զարգացման շարժառիթներից մեկը բնության անաղարտության պահպանումն է, օրինակ` ածխաթթու գազի արտանետման նվազեցման միջոցով: Այստեղ կան ավելի հետաքրքիր գաղափարներ: Օրինակ, մեր արևային ջեռուցման համակարգերը կարող են արտադրել շատ էժան թորած ջուր, մեկ լիտրի համար մոտավորապես 2 դրամ: Ի՞նչ կարելի է անել այդքան էժան թորած ջրով, որը դեղատներում վաճառվում է 200-500 դրամի սահմաններում` սիստեմների և այլ նպատակների համար: Թորած ջրով կարելի է ափսե լվանալ` առանց լվացող հեղուկների, նաև լվացք անել, բուրդ լվանալ և այլն: Այստեղ տեղին կլինի հավելել, թե որքա՜ն լվացքի փոշի, հեղուկ կամ օճառ է օգտագործում և ամեն օր բնությանը տալիս յուրաքանչյուր ընտանիք:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Մեր մշակած արևային տեխնոլոգիաները թույլ են տալիս գոմաղբից ստանալ բիոգազ և բիոպարարտանյութ, որն անհրաժեշտ է օրգանիկ մրգեր և բանջարեղեն աճեցնելու համար: Մշակված արևային տեխնոլոգիաները կարող են օգտագործվել հացահատիկի, լոբազգիների և, հատկապես, դրանց սերմացուների ֆումիգացիայի համար: Եթե թունաքիմիկատների միջոցով հաջողվում է ազատվել միայն կենդանի վնասատու միջատներից` չազդելով նրանց ձվերի վրա, ապա արևային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ոչնչացնելու նաև միջատների ձվերը: Շատ դեպքերում հնարավոր է խուսափել թունաքիմիկատների կիրառման անհրաժեշտությունից: Արևային տեխնոլոգիաները կարող են կիրառվել նաև մրգատեսակների որակական ցուցանիշների բարձրացման համար` առանց գենետիկ փոփոխությունների: Օրգանական գյուղատնտեսության պահանջներից է բխում, որ դաշտերում գյուղտեխնիկան աշխատի գազով (բիոգազով):

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Արտասահմանյան զբոսաշրջիկները, որոնք այցելել են մեր հելիոպոլիգոնները, նշում են, որ իրենց շրջագայության ժամանակ ավելի հետաքրքիր բան աշխարհում չեն տեսել: Ինչն իրողություն է: Զբոսաշրջիկն անակնկալի է գալիս, երբ բոլոր ուտեստները իրենց աչքի առաջ և իրենց մասնակցությամբ պատրաստվում են անսովոր արևային տեխնոլոգիաներով և շատ համեղ են ստացվում: Հելիոֆիկացված գյուղերը եկամուտներ կարող են ստանալ էկոտուրիզմից:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հելիոֆիկացիան կնպաստի, որ հայկական արտադրության գյուղմթերքները մրցունակ դառնան միջազգային շուկայում մի շարք պատճառներով:
ա) Արևային տեխնոլոգիաները թույլ են տալիս արտադրել էկոլոգիապես մաքուր և թունավոր նյութերից զերծ սննդատեսակներ:
բ) Սննդի արտադրության մեջ հնարավոր է ներդնել արտադրության կազմակերպման անհատական (տնայնագործական) եղանակը, որը կարող է ապահովել վերամշակման անհամեմատ բարձր որակ: Որակի բարձրացումն այս դեպքում պայմանավորված է բերքահավաք-վերամշակում ժամանակային գործոնի հարյուրապատիկ կրճատումով:
գ) Վերամշակման գործը գյուղացին կարող է կազմակերպել անմիջապես դաշտում, որը նրան կտա լրացուցիչ և շատ օգուտ բերող առավելություններ. կարելի է թողնել, որ պտուղները լրիվ հասունանան և քաշ հավաքեն: Արտադրվող գյուղմթերքի որակը կանխավ կբարձրանա արդեն բարձրորակ հումքի հաշվին` ի տարբերություն լաֆետներով գործարան տարվող խառը բերքի:
դ) Անհատ արտադրողները կարող են ինտերնետային առևտրի միջոցով անմիջական կապ հաստատել շուկայի էլիտար հատվածը ներկայացնող իրենց սպառողի հետ: Այստեղ իր վճռորոշ դերը կարող է ունենալ սննդի անվտանգության և անձնական վստահության գործոնը: Հեռու չէ այն օրը, երբ միջազգային տեռորիստական կազմակերպությունները կփոխեն իրենց մարտավարությունը և, մարդաշատ վայրերում պայթյուններ կազմակերպելուց բացի, կանցնեն սննդամթերքի զանգվածային թունավորման ակցիաներին: Այս պարագայում 1700-ամյա քրիստոնյա և հելիոֆիկացված երկրի համբավ վայելող Հայաստանի գյուղմթերքները ոսկու գին կունենան:


Առաջարկվում է Հայաստանի ու Ղարաբաղի գյուղերում կառուցել արևային էներգիայով աշխատող մոտ 500 պահածոների գործարաններ, որոնք կարող են հիմք դառնալ նաև կոոպերատիվ արտադրությունների համար: Արևային համակարգերի միջոցով հնարավոր է ստանալ մինչև 6500C էներգակիրներ յուղեր, ստացված էներգիան կուտակել հատուկ պահիչներում՝ այն օգտագործելով ամպամած եղանակներին ու գիշերվա ժամերին: Էներգիայի կորուստը չի գերազանցի 1 %-ը 24 ժամվա ընթացքում: Արևային ջերմային էներգիայի պիկային հզորությունը հաշվարկվում է 0,3-2 մեգավատտ-ժամի սահմաններում, արևային էլեկտրական էներգիան՝ 15-50 կՎտ.ժ: Արտադրական տարածքները՝ 200-1000 քմ, աշխատողների թիվը՝ 20-30 մարդ: Արևային էներգիայով աշխատող պահածոների գործարանները կարող են արտադրվել՝ այլ երկրներ արտահանելու համար՝ «տՏՊ Սսþփ», տեղադրման պայմանով:
ե) Միայն արևային տեխնոլոգիաները կարող են թույլ տալ, որ գյուղմթերքների ջերմային մշակման պրոցեսներն ընթանան էկոլոգիապես բացարձակորեն մաքուր կվարցե ամանների մեջ:
զ) Ջերմային մշակման ենթարկվող զանգվածի հավասարաչափ ծավալային տաքացման հաշվին նվազում են ջերմաստիճանային գրադիենտները, հետևաբար և իջնում է ուռուցքածին (կանցերոգեն) նյութերի առաջացման հավանականությունը: Մակերևութային տաքացման դեպքում բարձրջերմաստիճանային կուտակումները և կանցերոգեն նյութերի առաջացումն անխուսափելի են:
է) Վերամշակման պրոցեսների համար կարելի է օգտագործել արևի սպեկտրից վերցրած և նախօրոք ծրագրավորած ցանկացած գույնի լույս: Ավելին, եզակի հնարավորություն է ստեղծվում աշխատելու սպեկտրի մոտ և միջին ԻԿ դիապազոններում, օրինակ, բարձրորակ չիփսերի արտադրության մեջ: Վերամշակման արևային ֆոտո-ջերմային տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ ֆանտաստիկ տեխնոլոգիական հնարավորություններ ջրահեռացման, վիտամինների պահպանման, արոմատիկ ածխաջրածինների առաջացման, բորբոսասնկերի և միկրոբների դեմ պայքարի և այլ ճակատներում:
ը) Լույսի էներգիայի կլանումը իներցիոն երևույթ չէ: Դա թույլ է տալիս բարձր (մինչև 0,001օC) ճշտությամբ ապահովել տեխնոլոգիական ջերմաստիճանների լոկալ և ակնթարթային ծրագրային կարգավորում: ՏԷՆ-երով կամ շապիկավոր կաթսաների դեպքում դա չի հաջողվում: Հելիոտեխնոլոգիաներն ունեն առավել կարևոր առանձնահատկություններ, որոնք կարող են անվերջ թվարկվել: Սմբուկի արևային պահածոների, լոլիկի արևային մածուկի, արևային քաղցրավենիքի, արևային կոնյակի կամ արևային մրգահյութերի բարձր որակը գալիս են հաստատելու հելիոտեխնոլոգիաների ներդրման կարևորությունը Հայաստանի համար:


Արևով ու գազով խորոված սմբուկների արտաքին տեսքերի տարբերությունը տեսանելի է նաև անփորձ աչքի համար, համային տարբերությունների մասին խոսելն անգամ ավելորդ է: Արևով խորովածն արևահամ է, շատ համով է, մուր էլ չկա:
Մեր մասնագետները մշակել են գյուղմթերքների վերամշակման, պահածոյացման, ապխտման և նմանատիպ մոտ 200 արևային տեխնոլոգիաներ: Նման «կանաչ» տեխնոլոգիաներով մշակված գյուղմթերքների առաջ միջազգային շուկայի դռները միշտ բաց են լինելու. դրանք բացարձակ մրցունակ են: Վերջին 15 տարիներին արևային քաղցրավենիքով, չրերով և արևով պատրաստված չոր մուրաբաներով մենք մասնակցել ենք ԱՄՆ-ի և եվրոպական տարբեր քաղաքներում (Մարսել, Փարիզ, Սան Ֆրանցիսկո, Բեռլին և այլն) կազմակերպված մոտ 30 միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսների: Հետաքրքրությունը շատ մեծ է: Ամստերդամի ֆիրմայի բիզնես առաջարկն ապշեցուցիչ էր. արևային քաղցրավենիքի նրանց պահանջարկը յուրաքանչյուր ամսվա համար 300 տոննա էր: Մոսկվայի «Մագնոլիա» սուպերմարկետների ցանցը պատրաստ է ամեն օր ընդունելու 10 հազար տուփ արևային քաղցրավենիք: «Քարֆուր» ընկերությունը պատրաստ է իր սուպերմարկետներում բացելու արևով պատրաստված գյուղմթերքների հատուկ բաժիններ: Արևային գյուղմթերքների համաշխարհային շուկան իսկական դանայան տակառ կարող է դառնալ հայ ապրանքարտադրողների համար: Այստեղ մեր գյուղմթերքները կարող են հաջողությամբ հաղթահարել ինչպես Եվրամիության, այնպես էլ Մաքսային միության ստանդարտային խոչընդոտները:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ